Իրավական
14:40 27/12/2019

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա․ ՔԿ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից 16.12.2019թ. հրապարակված բաց նամակի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ իրականացվել է նախնական ուսումնասիրություն:

Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչների կողմից անգործություն չի դրսևորվել, դեպքից անմիջապես հետո քննիչների կողմից շատ արագ ձեռնարկվել են գործուն միջոցներ, մասնավորապես՝ 12.12.2019թ., ժամը 16:26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ Ն. Մանանդյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և հետագա ձեռնարկված միջոցառումների ընթացքում, մասնավորապես քննիչ Ռ.Դավթյանի կողմից Ա. Մ. -ի Հ. Մ.-ի կայացած հեռախոսային խոսակցություններով ճշտվել է նրանց գտնվելու վայրը, որի արդյունքում վերջիններս նույն օրը՝ կարճ ժամանակ անց, հայտնաբերվել և ներկայացվել են ոստիկանություն, որպիսի հանգամանքն ի դեպ, բացի քննիչներից և ոստիկան Լ.Սիմոնյանից, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում տված իրենց բացատրություններով հաստատել են նաև կենտրոնի աշխատակիցներ Ա.Ավագյանը և Ռ.Ասլիկյանը:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հանգամանքին, որ դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել, ապա նախնական ուսումնասիրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի ծառայողների, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու ծառայողի բացատրություններով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի և ոչ մի ծառայող, այդ թվում վարույթն իրականացնող քննիչը որևէ լրատվամիջոցի, կազմակերպության, այդ թվում նաև Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ին հիշյալ դեպքի կապակցությամբ գրավոր, պաշտոնեական տեղեկատվություն չեն տրամադրել, վարույթն իրականացնող մարմնին նման հարցով չեն դիմել, այլ միայն բանավոր հեռախոսազրույցի ընթացքում տրամադրվել է տվյալ պահին քրեական գործով ձեռք բերված հակիրճ տեղեկատվություն:

Նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արարքում կարգապահական խախտման հատկանիշները բացակայելու հիմքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, թե ինչ հայտարարություն էր տարածել «Կանանց աջակցման կենտրոն»-ը․

«ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Կանանց Խորհրդի նախագահ պարոն Տիգրան Ավինյանին

ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զուրաբյանին

ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Արման Թաթոյանին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարտիկին Զարուհի Բաթոյանին

Ա.Մ.-ն հանդիսանում է «Կանանց Աջակցման Կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կենտրոն) շահառուն, ով ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:

Կենտրոնի կողմից Ա.Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչի կողմից Ա.Մ.-ն որպես տուժողքրեական գործի շրջանակումհրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննություն կատարելու նպատակով:

Արդեն քննչական բաժնում պարզվել է, որ քննիչը կանչել է Ա.Մ.-ին բռնարար ամուսնու հետ առերես հարցաքննելու համար:

Առերես հարցաքննությունից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, նրա ամուսինը և որդին քննիչների ներկայությամբ կիրառել են բռնություն և ֆիզիկական ուժ Կենտրոնի աշխատողների և Ա.Մ.-ի նկատմամբ, վերջինիս քաշքշել են և հարկադրաբար, կամքին հակառակ տարել իրենց հետ:

Քննիչները դրսևորել են անգործություն և որևէ միջոց չեն ձեռնարկել:

Նշվածի կապակցությամբ անմիջապես հաղորդում է ներկայացվել ոստիկանության տարածքային բաժին, որի կողմիցԱ.Մ-ն հայտնաբերվել է և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքներ պատճառված լինելը պարզելու համար:

Դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել:

Ստացվում է, որ իրավապահ համակարգը ներկայացնող պետական կառույցը՝ ՀՀ քննչական կոմիտեն, իր գործողություններով, այդ թվում՝ հրապարակային արտահայտած դիրքորոշմամբ ոչ միայն պարտակում է կատարված հանցավոր արարքը՝ խրախուսելով այն կատարած անձի անօրինական վարքագիծը և կեղծում է իրական փաստերը, այլև քննիչի դրսևորած ոչ պրոֆեսիոնալ վարքագծի և կողմնակալ մոտեցման արդյունքում կինը հերթական անգամ ենթարկվում է բռնության ընտանիքի անդամների կողմից:

Նման պարագայում, ակնհայտ է, որ կատարված դեպքի մասով ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով(օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդուն առևանգելը) հետագայում քննիչը պատշաճ և օբյեկտիվ քննություն չի իրականացնի, քանի որ կաշկանդված կլինի քննչական կոմիտեի արտահայտած դիրքորոշմամբ:

Բացի այդ, նախաքննական մարմինը ճիշտ տեղեկություն չի տրամադրել Կենտրոնին կատարվելիք քննչական գործողության վերաբերյալ: Քննիչը ծանուցել է բռնության ենթարկված անձին հարցաքննելու մասին, մինչդեռ, իրականում, կատարել է առերես հարցաքննություն բռնություն գործադրած անձի հետ՝ անտեսելով կրկնակի զոհականացման արգելքի պահպանման, նոր բռնության կիրառման վտանգի կամ իրական սպառնալիքի բացառման պահանջները:

Վերոգրյալի համատեքստում՝ արձանագրում ենք, որ խնդրահարույց և խտրական է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերով քրեական հետապնդման իրականացման և գործի քննության հատուկ ընթացակարգերի բացակայությունը(օրինակ, դատավարական գործողությունները քրեական հետապնդման մարմնի գտնվելու վայրում կատարելը, ընտանիքում բռնության ենթարկված անձին և բռնություն գործադրած անձին առերես հարցաքննելը և այլն), այլև ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնյաների՝ ընտանիքում բռնության դեպքերը հովանավորելու և կոծկելու քաղաքականություն վարելը:

Նշվածի հիման վրա՝ խնդրում ենք հանձնարարել ուսումնասիրել սույն գործի փաստերը, միջոցներ ձեռնարկել Կենտրոնի շահառու Ա.Մ-ի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումներն արձանագրելու համար և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ