ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով՝ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների ժամկետ է սահմանվում 2025 թվականը․ այսինքն՝ 3 տարով ավել, քան մինչ այդ էր։
Արդյո՞ք սա նշանակում է, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխումները ձգձգվում են։
Sputnik-ի այս հարցին բացասական պատասխան է տվել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա նշել է, որ Կառավարության այսօրվա որոշումն ուղղակի նշանակում է, որ Երևանի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն ավտոբուսները ևս 3 տարի շահագործվեն։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք բավական լավ վիճակում են և հնարավոր է դրանց շահագործումը։
Միևնույն ժամանակ Կարապետյանը հայտնել է, որ քաղաքապետարանը ժամանակացույցի մեջ է մնում ու, եթե 2022 թվականի գնումներն ըստ պլանի գնան, ապա հաջորդ տարվա ավարտին կունենանք շուրջ 550 նոր ավտոբուսներ, որոնք Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի 70 տոկոսն են կազմում։

