Հայաստանում քարայրային առաջին թանգարանը կստեղծվի Վայոց ձորի «Արենի-1» քարայրում: Viva ընկերությունը և «Արենի-1» քարայր գիտահետազոտական հիմնադրամը համագործակցում են՝ նպատակ ունենալով պահպանել երկրի հնագիտական ժառանգությունը և ներկայացնել այն աշխարհին գիտահենք տուրիզմի միջոցով։ Հիմնադրամը արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում՝ ուսումնասիրելով ոչ միայն Արենու քարայրը, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգությունը։

Թանգարանի ստեղծման նպատակն է ապահովել գտածոների անվտանգ պահպանումը և ցուցադրությունը՝ մեկ կետից կառավարվող համակարգի միջոցով։ Թանգարանը բաղկացած կլինի երկու դահլիճից, որտեղ կցուցադրվեն հազարավոր գտածոներ, այդ թվում՝ 6000 տարվա պատմություն ունեցող գունազարդ կարասը։ Թանգարանը կունենա ժամանակակից ցուցափեղկեր, անվտանգության համակարգ և ենթակառուցվածքներ։ Այս նախագիծը նաև կնպաստի Վայոց ձորի մարզի տնտեսական ակտիվացմանը՝ գրավելով զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

