Ադրբեջանը կրկին երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանված կարանտինը իր ցամաքային սահմաններում։ Վերջին որոշման համաձայն՝ սահմանները փակ կմնան մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 06:00-ն։ Որոշման մեջ նշվում է, որ այս քայլը նպատակ ունի կանխել COVID-19 վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները։
Սա նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կրկին հետաձգվում է։ Արդեն վեցերորդ տարին է, ինչ Վրաստանից Ադրբեջան ուղևորությունները հնարավոր են միայն օդային ճանապարհով։ Ցամաքային սահմանները բաց են միայն բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ սահմանների փակ լինելը կանխել է լուրջ վտանգներ և ապահովել է երկրի անվտանգությունը։
Նշենք, որ Ադրբեջանը ներկայումս աշխարհում միակ երկիրն է, որի ցամաքային սահմանները դեռևս չեն բացվել։

