Արգենտինայի նորընտիր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընտրություններում հաղթելու շնորհավորանքների համար և ասել, որ հարավամերիկյան հանրապետությունը չի հրաժարվելու վիճելի Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների հանդեպ հավակնություններից։
«Շնորհակալ եմ վարչապետ Բորիս Ջոնսոնին շնորհավորանքների համար։ Չհրաժարվելով մեր պահանջից, այն է՝ վերադարձնել կղզիների ինքնիշխանությունը, մենք կարծում ենք, որ Արգենտինան և Մեծ Բրիտանիան պետք է միասին աշխատեն մեր ժողովուրդների միջև կապերի սերտացման ուղղությամբ»,-գրել է նա Twitter-ում։
Ֆերնանդեսը նաև շնորհակալություն է հայտնել այլ երկրներին շնորհավորանքների համար։
Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ նախագահը նշել է, որ կցանկանար, որ Արգենտինան ԱՄՆ-ի հետ կառուցեր հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ։