fbpx
Աշխարհ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Գլենդեյլի համայնքային քոլեջի ներկայացուցիչների հետ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Գլենդեյլի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Արմինե Հակոբյանի, Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ դոկտոր Դեյվիդ Վայարի, Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի կրթական խորհրդի նախագահ Շանթ Սահակյանի և Գլենդեյլի դպրոցների կառավարիչ դոկտոր Վիվիեն Էքչյանի հետ։

«Դեսպան Բայբուրդյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գլենդեյլի համայնքային քոլեջի (GCC), Գլենդեյլի դպրոցների կրթական խորհրդի (GUSD) և հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակություն ծավալելուն վերաբերող հարցեր։

Դեսպան Բայբուրդյանը և հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել Գլենդեյլի համայնքային քոլեջի և Հայաստանի բուհերի միջև գործընկերության հաստատմանն ուղղված գործողությունների իրականացման ծրագիրը։

Բայբուրդյանը տեղյակ է պահել, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատարը համաձայնություն է տվել Գլենդեյլի համայնքային քոլեջի հետ գործընկերություն հաստատելու գաղափարին։

Իբրև շարունակական համագործակցության գործիքակազմի առաջին քայլ՝ քննարկվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի ուսանողների համար «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրի մեջ Հայաստանը ներառելու հեռանկարը։ Դա ենթադրում է, որ ուսանողները կարող են կրեդիտներ հավաքել հայաստանյան բուհերում մեկ ուսումնական կիսամյակ Երևանում սովորելով և դրանք փոխանցել Գլենդեյլի համայնքային քոլեջ։

Գլենդեյլի համայնքային քոլեջի նախագահ Դեյվիդ Վայարը տեղեկացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ ներկայումս իր ղեկավարած քոլեջում հայազգի ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում՝ 3600: Դա կազմում է ընդհանուր թվով 12000 ուսանողների 30 տոկոսը, ինչը Հայաստանից դուրս մեկ բուհում սովորող ուսանողների ամենամեծ թիվն է։

Հանդիպման մասնակիցների հետ դոկտոր Բայբուրդյանը քննարկել է նաև Հայաստանի կրթական ոլորտում համակարգային բարեփոխումների գործին Գլենդեյլի միացյալ կրթական շրջանի կողմից աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

ՀՀ գլխավոր հյուպատոսը պատրաստակամություն հայտնել է Գլենդեյլի համայնքային քոլեջի և Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի հայերեն դասընթացներին աջակցել հայերեն դասագրքերով։ Ա․ Բայբուրդյանը Գլենդեյլի կրթության ոլորտի ղեկավարներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հեռանկարները Հայաստանի կրթության ոլորտի պաշտոնյաների հետ քննարկելու համար։

Քննարկման թեմաներից էր նաև ՀՀ անկախության տոնի առիթով Գլենդեյլի համայնքային քոլեջի և դպրոցների միացյալ շրջանի կողմից հեռավար միջոցառման կազմակերպումը, ինչպես նաև դեսպան Բայբուրդյանի՝ ՀՀ անկախության տոնի առիթով դասախոսությամբ հանդես գալու առաջարկը»,- ասվում է հաաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ