Իրավապահները երեկ արգելել են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր ասաց, որ Գևորգյանը երեք օրով պետք է մեկներ Ռուսաստան, ունեին առաջին ատյանի դատարանի թույլտվությունը, սակայն սահմանին տեղեկացել են, որ Գևորգյանի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանված։
«Տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ», – ասաց փաստաբանը։
2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ազատ էր արձակվել ստորագրության դիմաց:
