Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական ձեռքբերումները։ Նա նշել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ընդունված ռազմավարական օրակարգը բարձրացրել է հարաբերությունները նոր մակարդակի։ Միրզոյանը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացը՝ ընդգծելով, որ դա մեծ նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար և նպաստում է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում։ Միրզոյանը նշել է, որ անդրադարձ է կատարվել անվտանգության հարցերին, ներառյալ հիբրիդային սպառնալիքները, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի տրամադրած աջակցությանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, որ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար։

