Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձր մակարդակի հանդիպում։ Քննարկումները վարել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել վիզաների ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող մի շարք ոլորտների՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրականացվող բարեփոխումներին։ Քննարկվել է նաև ԵՄ-ի կողմից նախատեսվող բարեփոխումների իրականացման աջակցությունը։
Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է, և դրա ավարտի համար մեխանիկական վերջնաժամկետ նախատեսված չէ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ վիզաների ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին նախատեսված երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ փորձագետները կվերլուծեն առկա խնդիրները։
Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի մշակմանը, ինչը անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարը ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացի գործողությունների ծրագիրը ՀՀ համար դիտարկվում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել պատրաստակամությունը՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը։

