Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն այցելած Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը, Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ, մասնակցել են մի շարք կարևոր հանդիպումների, որոնք նպատակ ունեին քննարկել երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանը հյուրընկալել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և Հայաստանի ու Վրաստանի միջև պաշտպանական համագործակցության զարգացման հնարավորությունները:
Պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ կրթօջախի ղեկավար գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը։ Այցի ընթացքում ծրագրի ունկնդիրները ստացել են պատասխաններ ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներից, ինչը նպաստել է երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև գիտելիքի և փորձի փոխանակմանը:
Այցի կարևոր արդյունքներից էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Սա առաջին նման փաստաթուղթն է երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների պատմության մեջ, որը նոր հնարավորություններ կբացի պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցության համար։