fbpx
Տնտեսություն

Հայաստանում 10 ամսում գրանցվել է 1.9 մլն զբոսաշրջային այցելություն

Ararat mountain and two tourists

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների քանակը կազմել է 1,926,405, ինչը 5.8%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 այցելությունների համեմատ։ Սակայն 2019 թվականի նախահամավարակային նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 այցելությունների համեմատ արձանագրվել է 15% աճ, ինչը վկայում է ոլորտի կայուն վերականգնման և զարգացման մասին։ Այս տվյալները ներկայացվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը իր ելույթում ընդգծեց զբոսաշրջության ռազմավարական նշանակությունը՝ որպես տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ներգրավման կարևոր խթան։ Նախարարը նշեց, որ 2025 թվականին նախատեսվում է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ TRIP ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ, որը ենթադրում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը նպատակ ունի էապես բարելավել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց 2024 թվականի ձեռքբերումները, որոնց թվում են Հայաստանը՝ Lonely Planet-ի 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղությունների ցանկում, Wanderlust Magazine-ի լավագույն 10 զարգացող ուղղությունների մեջ ընդգրկվելը և Վայոց Ձորը՝ Իտալիայի Ճամփորդական Լրագրողների Ասոցիացիայի կողմից ճանաչվելը որպես «Լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն»։

Բացի այդ, 2024 թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի ոլորտի կանոնակարգման։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց Հայաստան, ինչի արդյունքում միջազգային մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը՝ նպաստելով երկրի միջազգային դիրքավորման ամրապնդմանը։

Միջոցառման ավարտին քննարկվեցին զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունները՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի զբոսաշրջային դիրքերի հետագա ամրապնդումը և արտասահմանյան այցելուների ներգրավումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ