Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետականորեն շարունակվող ճնշումների կապակցությամբ։ Ըստ միջազգային ինստիտուտի՝ այս ճնշումները ներառում են հոգևորականների ձերբակալությունները, եկեղեցական հաստատությունների թիրախավորումը և պետության կողմից կրոնական ղեկավարությանը լռեցնելու համար իրավական համակարգի օգտագործումը։ Այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին և հայ ինքնության պահպանմանը։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ ծառայել է որպես հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական հիմք։ Այն եղել է հայոց շարունակականության գլխավոր պահապանը, պահպանելով լեզուն, մշակույթը և հիշողությունը օտար տիրապետության ժամանակաշրջաններում։ Սակայն ներկայումս, եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները վտանգում են ոչ միայն կրոնի ազատությունը, այլև հայ ժողովրդի մշակութային և գոյության անվտանգությունը։
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքական դրդապատճառներով բոլոր գործողությունները և վերահաստատել իր հավատարմությունը կրոնական ազատության սկզբունքներին։ Միջազգային դիտորդները և մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է ուշադիր հետևեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ կրոնական հաստատությունների քայքայումը պատմականորեն նախորդել է հասարակության մասնատման և ինքնության ջնջման արշավներին։

