fbpx
Զինված Ուժեր

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

soldiers

Կառավարությունը նախատեսում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի հարթակում։

Նախաձեռնության նպատակն է սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորել՝ այդ զորամասերում ծառայող զինծառայողների համար սահմանելով ավելի երկար արձակուրդի ժամկետ։ Առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր արձակուրդ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայողներին՝ 30 օրացուցային օր։ Այդ արձակուրդը կտրամադրվի ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։ Նախագծով առաջարկվում է նաև հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերը և փոխարենը սահմանել երկու օրացուցային օր արձակուրդ՝ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ։

12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնողներին կտրամադրվի 10-օրյա միանվագ արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո։

Նախագիծը նպատակ ունի լուծել մի շարք հիմնախնդիրներ, ներառյալ զինվորական ծառայության գրավչության բարձրացումը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը։ Հատկապես կարևոր է սահմանային զորամասերում ծառայող զինծառայողների պայմանների բարելավումը՝ առաջարկելով երկարաձգված արձակուրդներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ