Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, ով պաշտոնապես հանձնել է իր հավատարմագրերը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և բազմակողմ համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։
Դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստան ժամանելու պահից զգում է դրական վերաբերմունք, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

