Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայ գերիները

Հրապարակող՝

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայ գերիները

Ամենադիտվածներ

Այսօր Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 4 հայ գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:

Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանն ընկերներ են։ Նրանք 2020 թվականի նոյեմբերի 10–ին, երբ ստորագրվել էր արդեն եռակողմ փաստաթուղթը, մեկնել էին Արցախ և գերեվարվել Բերձոր-Շուշի ճանապարհին։ Սուջյանը «Նոր Հայաստան, Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։ Դավթյանի հետ Սուջյանը, ինչպես այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում էր ակտիվ գրառումներ անում,  օգնություն էր տարել Արցախ։ Սուջյանը եւ Դավթյանը Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ևս գերեվարվել է նոյեմբերի 10–ին՝ Շուշիում։ Նրա հետ գերեվարվել էր նաև Մարալ Նաջարյանը։ Նրանք Բերձոր ու Շուշի էին գնում՝ իրենց իրերի հետևից։ Մարալը գերության մեջ 4 ամիս անցկացնելուց հետո վերադարձավ Լիբանան։ Մարալը պատերազմի հենց նախօրեին Բերձորում էր հաստատվել. տեղի կառավարությունը վերաբնակեցման ծրագրով նրան տուն էր խոստացել։ Վիգենը պատերազմի օրերին մի քանի օրով էր առաջնագիծ մեկնել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով։

Հայաստան վերադարձած 4–րդ հայ գերին արցախցի Վագիֆ Խաչատրյանն է, որին ադրբեջանցիները գերեվարել էին 2023 թվականին՝ Արցախի հայաթափման օրերին, երբ ընտանիքի հետ Հակարի կամրջով Հայաստան էր տեղափոխվում։ Ի դեպ,  Լաչինի միջանցքի անցակետից ադրբեջանցիները Խաչատրյանին տարել էին հենց Կարմիր խաչի ներկայությամբ։

Ամենաթարմ