fbpx
Խորհրդարան

Առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է. Բաբկեն Թունյան՝ ակցիզային հարկերի ավելացման մասին

Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:

Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը 1,5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ մոտեցում ունի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արտահայտված անհանգստության վերաբերյալ.

«Արտահայտված մտահոգությունն իրոք տեղին է: Ավելին` էն հիմնավորումը, որ ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպ տարածելու հարցով, նկատի ունեմ առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է: Եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող, ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի, իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով, համաձայն եմ, որ ինքն ազդելու է բացասաբար: Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ, 30 դրամ մեկ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Ասենք՝ 100 գրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս: Ու էդ տոկոսային հարաբերակցությունը երբ համեմատում ենք, ստացվում է, որ շուկայում կարող են խոշորները կլանել փոքրերին»,- ասել է Թունյանը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է, որ քննարկումներ են լինելու: Բոլոր կողմերի տեսակետներն արդեն լսել են, բայց նաև հանդիպում կունենան:

«Եթե չեմ սխալվում, լիմոնադ արտադրողները երեկ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, և ֆինանսների նախարարի տեղակալը փոխանցել է, որ այսօր իրենց առաջարկները կքննարկեն ու արդյունքների մասին տեղյակ կպահեն: Հնարավոր է, որ մինչև մեզ գալ-հասնելն այդ հարցը լուծված լինի»,- հավելել է Թունյանը:

Հարցին` եթե փոփոխություններ չլինեն նախագծում, խորհրդարանը դե՞մ է քվեարկելու, Բաբկեն Թունյանն այսպես է արձագանքել.

«Ոչ թե դեմ կքվեարկի, այլ կառաջարկենք, որ այդ փոփոխությունը լինի: Երբ գա ԱԺ, մենք մեկամսյա ժամկետ ունենք էդ հարցը քննարկելու համար»:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ