fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ:

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը:

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով:

Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին: Այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր:

Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի տրամադրման հարցը` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումներ։ Նախարարի հանձնարարականով ավելացվել են նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ