fbpx
Խորհրդարան
17:30 02/12/2019

Արսեն Թորոսյանն ուզում է երևալ ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար․ Մարուքյան

Ես ասել եմ՝ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի առողջապահության համապարփակ ապահովագրման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-յան գրառմանը:

«Ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս չարդարացված բեռ է աշխատող մարդկանց վրա»,-ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ առողջապահության նախարարն ուզում է երևալ ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է և ընդունելի։

«Ինչ վերաբերում է մեր ընտրողներին, նախարարն ավելի լավ կանի ինքն իրենց ընտրողներով զբաղվի: Նաև գրել էր, թե ընդդիմություն եմ ուզում: Եթե ինքը կարծում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել էր.

«Պարզվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։

Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ