Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ:
Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը, և ողջունել Հնդկաստանի կառավարության կողմից կատարված քայլերը: Նախարարը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի համար ևս մեկ հնարավորություն է ստեղծվել` Հայաստանում անգլերեն լեզվով, տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կարող են ստանալ նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:
Հարշ Վարդհանը ողջունել է այդ հնարավորությունը, քանի որ բժշկական կադրերի պահանջարկը միշտ մեծ է:
Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին: Վերջերս հայ բժիշկներ էին այցելել Հնդկաստան` ծանոթանալու տեղի առողջապահական համակարգին: Կողմերը քննարկել են փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Հնդկաստան բժիշկներ գործուղելու հարցերը: Վերջիններս հնարավորություն կունենան որոշ բարդ վիրահատությունների մասնակցելու, ինչպիսիք են` փոխպաստվաստումը, էնդոպրոթեզավորումը:
Միաժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարն առաջարկել է իրենց երկիրը դիտարկել բժշկական տուրիզմի տեսանկյունից` կազմակերպելով հայ պացիենտների բուժումը Հնդկաստանի բարձրորակ կլինիկաներում:
Մյուս քննարկված հարցը դեղագործական ոլորտում համագործակցությունն ու հնդկական բարձրորակ դեղորայքի հասանելիության ապահովումն է: Հայաստանը լավ հնարավորություն կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունում` որպես մուտքի կետ, քանի որ որոշ դեղերի գրանցումն անխոչընդոտ է իրականացվում Հայաստանում և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին:
Հանդիպմանը քննարկել են նաև հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է բարձրորակ հնդկական դեղերով:
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ջանքերը` առողջապահության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, ինչի վառ վկայությունն է Հնդկաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` Առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ և նախարար Հարշ Վարդհանի դերը` վարակիչ հիվանդությունների կանխարգելման և իմունիզացիայի գործում:
Համաճարակաբանական տեսանկյունից ոչ այդքան բարվոք լինելով հանդերձ` Հնդկաստանը պոլիոմիելիտից զերծ երկիր է համարվում, և արդեն վաղուց հիվանդության դեպքեր այդ երկրում չեն գրանցվել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, վերջինս պատասխանել է, որ կդիտարկի առաջարկը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։