Արթուր Ալեքսանյանը այս պահին որևէ առողջական խնդիր չունի. Լևոն Ջուլֆալակյան

Եվրոպական խաղերին մեկնող հունահռոմեական բոլոր ըմբիշները պատրաստ են առաջիկա ստուգատեսին։ Մնում է՝ հաջողությունը թիմի հետ լինի։ Այս մասին ասել է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյաննը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև նշել է, որ առաջատար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, այս պահին որևէ առողջական խնդիր չունի․

«Ալեքսանյանն արդեն Ղազախստանում խոշոր մրցաշարի է մասնակցել՝ շատ լուրջ մրցակիցների դեմ։ Վստահ գոտեմարտեր անցկացնելուց հետո Արթուրը հաղթող դարձավ։ Կարելի է ասել՝ քայլ առ քայլ ավելացնում է», – ասաց մարզիչը։

Ջուլֆալակյանը նաև հավելեց, որ Կարապետ Չալյանը ևս ապաքինվել է վնասվածքից, այդ իսկ պատճառով որոշեցին, որ Եվրոպական խաղերին հենց նա կմասնակցի:

Հիշեցնենք՝ Եվրոպական երկրորդ խաղերը կայանալու են Բելառուսի մայրաքաղաքում հունիսի 21-30-ը։

Ամենաթարմ