Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված է ՀԱՖՆ-ի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի ծննդյան 135-ամյակին:
Նարեկ Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը, որը կոմպոզիտորի ուշ շրջանի գլուխգործոցն է: Հախնազարյանը կնվագի Ջոզեֆ Գվարներիի՝ 1707 թվականին կերտած թավջութակով և Տուրտի, Ռոլանդի աղեղներով: Երկրորդ բաժնում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 2 Սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը, ով համերգին կժամանի Սիցիլիայից, որտեղ մարտի 15-ին և 16-ին ղեկավարել է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:
Նարեկ Հախնազարյանն այսօր իր սերնդի ամենափայլուն թավջութակահարներից է: 2011 թվականին Հախնազարյանը Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում փայլուն հաղթանակ է տարել` ստանալով Ոսկե մեդալ և Առաջին մրցանակ: Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել համաշխարհային լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա հայտնվել է նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում. «Դեյլի Տելեգրաֆը» նրա կատարումը նկարագրել է այսպես. «տեխնիկայի և երաժշտականության զարմանալի համադրություն», «Վաշինգթոն փոստը» Նարեկին անվանել է «հասուն ֆենոմեն»: