2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները:
ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ»), Հայաստանի ամերիկյան համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt»), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (անգլերեն՝ «IELTS»), «Alliance Franςaise d.Arme՛nie» կազմակերպության (ֆրանսերեն՝ «TCF»), «Կապտարար» ՍՊԸ-ի (գերմաներեն՝ «on DAF»), Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի («Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ») հետ:
Ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների: Ըստ այդմ` ասպիրանտուրայի դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն են ստանում` ներկայացնելով «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայական կամ տեղեկանք:
Հավելենք, որ ստորև նշված օտար լեզուներից անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը,
գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:
Մրցութային կարգով ասպիրանտուրա ընդունվում են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
Հավելենք, որ ասպիրանտուրայի հավանական դիմորդների ցուցակները բարձրագույն ուսումնական հաստատությունները նախապես ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն: