«Nature» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մթնոլորտային գետերը (ՄԳ) հանդիսանում են աշխարհի խոշոր գետային ավազաններում տեղի ունեցող ջրհեղեղների գրեթե 90%-ի հիմնական պատճառը։ Այս «երկնքի գետերը», որոնք խտացված ջրային գոլորշիների նեղ միջանցքներ են, ոչ միայն նպաստում են, այլ հաճախ հանդիսանում են ավերիչ ջրհեղեղների, մարդկային զոհերի և բնակչության տեղահանությունների հիմնական շարժիչ ուժը։ Ջրհեղեղները աշխարհում ամենահաճախակի և կործանարար բնական աղետներից են, որոնք զգալի վնաս են հասցնում ենթակառուցվածքներին և տնտեսությանը։ Կլիմայի փոփոխության և ջրային շրջանառության ակտիվացման հետ մեկտեղ ջրհեղեղների հաճախականությունն ու ինտենսիվությունն աճել են՝ ընդգծելով դրանց մթնոլորտային պատճառները հասկանալու անհրաժեշտությունը։
1999-2018 թվականներին 50 խոշոր գետային ավազաններում տեղի ունեցած 119 ջրհեղեղների վերլուծությունը ցույց է տվել, որ 88 դեպքերում (74%) ջրհեղեղները ուղղակիորեն կապված են եղել ՄԳ-երի հետ։ Երբ հաշվի է առնվել ՄԳ-ի ազդեցությունը ավելի լայն գետային ավազանի վրա, այդ ցուցանիշը հասել է 106 դեպքի (89%)՝ ընդգրկելով Ամազոնի, Նիգերի, Կոնգոյի և Յանցզիի գետային ավազանները։ Ուսումնասիրությունը բացահայայտում է ՄԳ-ի երկակի դերը. դրանք կարող են լինել ինչպես անմիջական պատճառ (ջրհեղեղից 24 ժամ առաջ ուժեղ տեղումներ), այնպես էլ նախապայմանավորող գործոն՝ նախապես հագեցնելով հողը խոնավությամբ և մեծացնելով հաջորդող տեղումներից ջրհեղեղի վտանգը։ Սա կարևոր նշանակություն ունի ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի համար։
ՄԳ-ի հետ կապված ջրհեղեղների սոցիալական հետևանքները ծանր են։ 2000 թվականից ի վեր ջրհեղեղների հետ կապված աղետներն աճել են 134%-ով։ Զոհերի ամենաբարձր թիվը գրանցվել է Աֆրիկայի Նիգեր և Նեղոս գետերի ավազաններում, ինչպես նաև Չինաստանի Յանցզի գետի ավազանում։ Բնակչության տեղահանությունները կազմել են տարեկան միջինը գրեթե 10 միլիոն մարդ։ Ակնկալվում է, որ կլիմայական գլոբալ տաքացումը կմեծացնի ՄԳ-երի միջոցով ջրային գոլորշիների փոխադրումը 6.3–9.7%-ով յուրաքանչյուր աստիճան տաքացման դեպքում, ինչը կհանգեցնի ջրհեղեղների ռիսկի զգալի աճի։ Այս բացահայտումները պահանջում են ջրհեղեղների կանխարգելման և մեղմացման ռազմավարությունների վերանայում։

