Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքաների ավագ դպրոցներում կստեղծվեն անգլերենի ակումբներ, որոնք նպատակ ունեն զարգացնել անգլերենի հաղորդակցության հմտություններն ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, նպաստել հեռավոր համայնքներում աշակերտների՝ աշխատանք գտնելու հեռանկարներին: Այս առիթով այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի միջև:
«Անգլերենի խմբակները ոչ միայն աշակերտներին ուսուցանելու համար են, այլև մասնագիտական զարգացման լավ հնարավորություն ուսուցիչների համար: Արդեն 3 տարի է Հայաստանում եմ և լիովին գիտակցում եմ, թե որքան կարևոր է հայ ընտանքիների համար լավ կրթությունը», – ասաց Ջուդիթ Ֆարնուորթը:
Ակումբները 2018թ.-ի հունվարից փորձնական ներդրվել են մայրաքաղաք Երևանի, Վանաձորի, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Մասիսի և Արարատի դպրոցներում: Տնօրենները դրական արդյունքներ են արձանագրել:
«Հույս ունեմ, որ ծրագիրը կլինի շարունակական, քանզի այսօրվա աշակերտը գոնե նվազագույնը պետք է իմանա անգլերեն: Ես փոխանցում եմ աշակերտների և մեր ուսուցիչների ցանկությունը, որ ծրագիրը շարունակվի: Չեք պատկերացնի, թե ինչ խանդավառությամբ են գալիս այդ ծրագրին մասնակցելու: 6-7 ժամ դաս անելուց հետո՝ ժամը 3-ից գալիս են մասնակցելու մեծ ոգևորությամբ», – ասաց Աշտարակի թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Բալայանը:
Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբներում դասավանդելու նպատակով վերապատրաստել է 200 ուսուցիչ, իսկ շահառու աշակերտների քանակը հասնում է 1000-ի: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ: