fbpx
Աշխարհ

Ավարտվել է «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու վերջին փուլը

Փետրվարի 19-ի երեկոյան ԱՄՆ-ում ավարտվել է «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու քվեարկության վերջին փուլը: Ինչպես նշել է «Deadline Hollywood» ինտերնետ-պորտալը, քվեարկությանն իրավունք ունեին մասնակցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի 7902 անդամներ: 2019 թվականին քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է հատուկ կայքում, թեև ակադեմիայի անդամների մի մասը կարող Էր քվեաթերթիկը լրացնել և այն ուղարկել փոստով:

Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի և երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Լավագույն ֆիլմն օտար լեզվով», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» և ուրիշներ: Քվեարկության առաջին փուլի ընթացքում, որն անցկացվել է հունվարի 7-ից մինչ և 14-ը, 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ և կինոյի այլ գործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրել են իրենց կատեգորիաներում:

Այժմ այդ անվանակարգերից յուրաքանչյուրում պետք է որոշվեն դափնեկիրները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել և ութ կինոնկար՝ ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա»-ն, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, բեմադրիչ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը», Սփայք Լիի «Սև կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»-ը, Ռայան Քուգլերի «Սև հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» և Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա»-ն: Կինոքննադատների կանխատեսումների համաձայն, արձանիկն ստանալու առավել մեծ շանսեր ունի «Ռոման»-ն, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական մի ընտանիքի ճակատագրի մասին, և «Աստղը ծնվեց» մելոդրաման, որը պատմում է քանթրի ոճում հայտնի կատարողի և երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին:

«Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ