Նոյեմբերի 15-ին, ժամը 05։04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել է երկու «Mercedes C» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Սաթենիկ Բ․, ծնված 1998 թ․ և Սամվել Ա․, ծնված 1994 թ․)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։