fbpx
Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Մոսկվայում հանդիպել է Ռոսկոսմոսի գլխավոր տնօրենի հետ

Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ:

Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր բոլորովին վերջերս՝ ապրիլի 12-ին:

Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում և այս առումով կարևորել է հայ-ռուսական համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը:

Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, քարտուղար Գրիգորյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ:

Դմիտրի Ռոգոզինը իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով, առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Տիեզերական տարածության հետազոտում» (Global Space Exploration Conference – GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Պարոն Ռոգոզինը ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ