Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր ճեպազրույցի ժամանակ խոսել է Ղարաբաղյան հակամարտության ու ներկա իրավիճակի մասին։
Խոսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների մասին՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման մասով, նշել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են։
«Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ պահին ու, ամենից առաջ ենթադրում են մարտական գործողությունների ամբողջական դադարեցում ու անցում կարգավորմանը։ Դրանցում հաստատված էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կար նաև պահանջ՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցությունների», – Լավրովի խոսքերը փոխանցում է Trend-ը։
Նա նշել է, որ այժմ արդեն կայացել է բանակցությունների ֆորմատը, որում ներգրավված են Երևանը, Բաքուն, Մինսկի խումբը՝ 3 համանախագահների տեսքով։
«Ֆորմատն օգտակար է, ֆորմատը լավն է։ Հենց սրանում են մարմնավորված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջը պատերազմը դադարեցնելու ու համաձայնության գալու», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ավելացրել է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, կան Ռուսաստանի կողմից պատրաստված փաստաթղթեր (Կազանյան փաստաթուղթ), և կան փաստաթղթեր, որոնք անցած տարի ապրիլին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև համանախագահների մասնակցության հանդիպմանը ներկայացվել են և այժմ ակտիվ քննարկվում են։
Վերջին նշվածի վերաբերյալ Լավրովն ասել, որ տվյալ փաստաթղթերում կարգավորման առաջընթացի հիմքում ընկած է փուլային մոտեցումը, որի առաջին փուլում ենթադրվում է առավել կարևոր խնդիրների լուծումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող մի շարք շրջանների ազատումն ու տրանսպորտային, տնտեսական և կոմունիկացիոն ապաարգելափակումը։
Խոսքի վերջում Լավրովը համոզմունք է հայտնել, որ երբ կողմերը ստորագրեն այդ փաստաթղթերը, ապա դա կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման կատարման համար կարևոր քայլ։
