Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստերին հետայսու կմասնակցի միայն զինվորականների մակարդակով:
Լավրովի փոխանցմամբ` «ամերիկացիները սովորություն են դարձրել այդ հարթակում մեզ քննադատել և Ուկրաինայի թեմայով դասախոսություն կարդալ»:
«Մենք դա չենք հանդուրժի», – ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը «Զվեզդա» հեռուստակայանին երեկ տված հարցազրույցում:
Նա ասել է, որ Ռուսաստանը բնականոն երկխոսություն է վարում եվրոպական յուրաքանչյուր պետության հետ, սակայն ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը դժվար է իրականացվում:
«Ռուսաստանն այլևս նման միջոցառումներին մասնակցելու ցանկություն չունի, եթե Վաշինգտոնը մտադիր է լուրջ խոսակցություն վարել, պետք է գումարել «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհուրդը՝ զինվորականների մակարդակով», – ասել է Լավրովը:
Նա հարցազրույցում անդրադարձել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սքափարոթիի հայտարարությանը:
Անցած ամսվա ընթացքում Սքափարոթին հաղորդել է, որ առաջիկայում ազատելու է պաշտոնը: Գլխավոր հրամանատար է նշանակվելու ամերիկացի մեկ ուրիշ գեներալ՝ Թեդ Ուոլթերզը:
Սքափարոթին ասել է, որ Արևմուտքի երկրներն այսօր չեն հասկանում ռուսներին:
«Հիմա Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններն ավելի լարված են, քան «սառը պատերազմի» տարիներին», – ասել է գեներալը՝ նշելով, որ չափազանց կարևոր է երկխոսություն պահպանել:
«Լավ է ուշ, քան երբեք, տա Աստված, որ Սքափարոթիին փոխարինողը հասկանա այդ խորհուրդը և օգտվի դրանից», – ասել է Լավրովը:
Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 15-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է ռազմական և քաղաքացիական ուղղություններով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ ՆԱՏՕ-ն է մերժում նորմալ շփումները:
«ՆԱՏՕ-ն չափն անցել է Ռուսաստանի հետ առճակատումը սրելու հարցում, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերադառնա խոհեմ դիրքորոշման», – ասել է փոխարտգործնախարար Գրուշկոն: