fbpx
Իրավական

Այն անձը, ով կհրապարակի պետական գաղտնիքներ, պետք է հռչակվի ազգի դավաճան․ Վանեցյանի հարցազրույցը

«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել:

Արթուր Վանեցյանի խոսքով, իր մայրն արդեն հերքում է պահանջել այն լրատվամիջոցներից, որոնք նման հրապարակումներ են տարածել:

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում, և որ Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը, աղբյուրի զրուցակիցն այսպես արձագանքեց. «Դա էլ է ուղղակի ծիծաղելի, որովհետև Գագիկ Խաչատրյանն այսօր բանտում նստած է ու հարուցված է քրեական գործ: ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նոր Հայաստանի որպես ամենամեծ ձեռքբերում հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարը ու թվարկեց մարդկանց, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, որոնք վերականգնել են պետությունից գողացված գումարներ, որոնց մի մասն այս պահին կալանավայրում են, գտնվում են դատաքննության փուլում, այդ բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են ու քրեական հետապնդման են ենթարկվել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»:

Աղբյուրի դիտարկմանը, թե ձեր հեռանալուց հետո քրեական գործեր հարուցվեցին նախկին ոստիկանապետի, ՊԵԿ նախկին նախագահի, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկի տնօրենի, ՊՆ նախկին նախարարի ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը և նայեն, թե ով է դա արել»:

Անդրադառնալով իր վերջին հարցազրույցին, երբ ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու» և այդ հարցազրույցին «Իմ քայլը» խմբակցության և ԱԺ այլ պատգամավորների արձագանքներին, թե Արթուր Վանեցյանը, եթե հասարակական հետաքրքրություն պարունակող տեղեկատվություն ունի, պիտի հրապարակի, պատասխանեց. «Ուզում եմ՝ հստակ մի բան արձանագրենք, այն անձը, որն իր ծառայության ընթացքում ՝ կլինի զինվորական, թե ոչ զինվորական, հայտնի են դարձել պետական գաղտնիքներ, եթե այդ անձը երբևիցե որևէ պարագայում հրապարակի այդ գաղտնիքները, ուրեմն նրան պետք է հռչակեն ազգի դավաճան: Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»:

Aravot-ի հարցին՝ դուք ձեր հարցազրույցում պետական գաղտնի՞ք նկատի ունեիք. «Ոչ, ես նկատի չունեի պետական գաղտնիքները, ես նկատի ունեի առհասարակ, երբ առանց մտածելու ինչ-որ բաներ խոսեի, ինչ կլինի»: Աղբյուրի հարցին, իսկ դուք ունեք հասարակության համար հետաքրքրող տեղեկատվություն և լռո՞ւմ եք, նա պատասխանեց. «Եկեք այլ մանրամասների մեջ չմտնենք, եթե կարիք լինի ավելի ծավալուն ելույթով հանդես կգամ, այս պահին կարիք չկա, արձանագրենք, որ պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»:

Նա մեկնաբանեց նաև իր հասցեին հնչող քննադատությունները, թե ԱԱԾ պրոֆեսիոնալ ղեկավարի օրոք հնարավոր չէր լինի վարչապետի, ԱԱԾ ղեկավարի ու ուժային այլ կառույցի ղեկավարի հեռախոսային զրույցի գաղտնալսումը, նա մեկնաբանեց նաև լուրը, որ այդ գաղտնալսման հետևում հենց ինքն էր կանգնած. «Ժամանակը կպատասխանի գաղտնալսման հետ կապված հարցին, չեմ կարող այս պահին խոսել, որովհետև քննություն է իրականացվում: Բայց հավատացեք, երբ քննության արդյունքները կհրապարակվեն և կբացահայտվեն, կտեսնեք՝ ձեր ասած ԱԱԾ պրոֆեսիոնալ տնօրենը իրականում եղել է շատ բարձր պրոֆեսիոնալ ու շարունակում է մնալ շատ բարձր պրոֆեսիոնալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ