«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի մոտից Facebook-ի ուղիղի եթերի միջոցով անդրադարձել է Հայաստանում ծավալված վերջին քննարկումներին՝ կապված Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ:
«Այս հրաշալի պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում ընթացող վերջին անիմաստ հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը գնում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության ,հանձնաժողովի արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին: Իրավաբանները էլի բաժանվել են երկու մասի: Մի մասը պնդում է, թե ով է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներ ու փորձագետներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը խոսի մեր դեմ »,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ երբ որոշակի գործողություններ են Հայաստանում տեղի ունեցել դատական իշխանության հետ կապված, օրինակ, դատարանների մուտքերի արգելափակում, այլ պրոցեսներ, իրենք դրա մասին բարձրաձայնել են և այն, ինչ չի համապատասխանել իրավունքի գերակայության չափանիշներին, ասել են, որ դա սխալ է:
«Երբ չափանիշները չենք պահպանում և սխալներ ենք թույլ տալիս, ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որևէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն, այդ կառույցը արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է, որ մտահոգիչ է: Եվ վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, և հանձնաժողովն ասել է, որ այդ գործողություններն իրապես մտահոգիչ են»,- նշեց նա:
Մարուքյանը նաև անդրադարձել է վեթինգի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը: «Ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգն աջակցել է, դիզայն է արել ամբողջ վեթինգը, և Ալբանիան վեթինգով է անցնում հիմա, իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգը անթույլատրելի է: Էդ ինչպե՞ս եղավ: Գիտեք՝ ինչից է. որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Վեթինգի հետ կապված այնպիսի մարդիկ էին մեկնաբանություններ տալիս, այնպիսի էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի հետ կապ չունեն: Այս մարդկանց տարատեսակ հայտարարությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը կոնկրետ վեթինգի հետ կապված», – ասաց նա:
«Մինչդեռ վեթինգը, ըստ էության, վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք է իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր կամ եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե», – հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին, Մարուքյանն ասաց, որ այդ իրավիճակի մասին էլ են իրենք խոսել. թե ինչ է հնարավոր անել, ինչն է կարելի, և ինչը չի կարելի: «Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, նույն մտահոգությունները հայտնել է Վենետիկի հանձնաժողովը: Հիմա հարց. Եթե մենք էլի չափանիշներ ենք խախտում, ինչու պետք է ինչ-որ մարդկանց հերոսացնենք: Ես կարծում եմ, որ հիմա ՀՀԿ-ականները հերոսացվում են, որ տեսեք, ինչ հզոր են հանրապետականները, որ ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա: Դա ուղղակի աբսուրդ է, պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ և որևէ մեկին չդարձնել անիմաստ հերոս, որ իբր հանրապետականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցները ազդեցություններից զերծ են»,-ընդգծեց նա:
Նա խնդրեց բոլորին անիմաստ հերոսներ չդարձնել այն մարդկանց, որոնք զրո ազդեցություն ունեն միջազգային կառույցների վրա. «Կոչ կանեի մի քիչ լսել մեզ՝ խորհրդարանական ըննդիմությանը, փորձագետներին, որ չխախտենք միջազգային չափանիշները և դրանց հիման վրա մեր բոլոր մեխանիզմները մշակենք ու մեր դատական համակարգը մաքրենք»:
Ավելին՝ տեսանյութում
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2377924455798259/