fbpx
Սպորտ

Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ցավով է ընդունել փաստը, որ տարեվերջին նախատեսված մենամարտը ստիպված է եղել չեղարկել: Դեկտեմբերի 15-ին նա Վորոնեժում իր 10-րդ մենամարտը պետք է անցկացներ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը նշեց, որ տխրել է տեղի ունեցածի պատճառով:

«Ահավոր շատ եմ տխրել: Այնպիսի զգացողություններ ունեի, ինչպես պարտության դեպքում կունենայի, բայց ավելի գերադասելի է չմասնակցել, քան մասնակցել 50/50 հնարավորությամբ ու մենամարտի ընթացքում անակնկալի գա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լուրջ խնդիրներ չունի, բուժում է ստանում ու շուտով ռինգ կվերադառնա:

Ամեն դեպքում տարին Ավագյանը հաջող է համարում: 2018 թվականի ընթացքում նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում հասավ իր առաջին լուրջ հաջողությանը: Մայիսին նվաճեց WBC Internationl Silver գոտին: Հոկտեմբերին, ճիշտ է, պրոֆեսիոնալ ռինգում 8 մենամարտում 8 հաղթանակ տանելուց հետո առաջին անգամ ոչ-ոքի ունեցավ, սակայն կարողացավ պահպանել գոտին:

«Տարին լավն էր, քանի որ արդեն 1 քայլ կատարել եմ դեպի իմ նպատակը՝ աշխարհի չեմպիոնի գոտին. այս տարում նվաճեցի WBC Internationl Silver գոտին, ինչը հնարավորություն տվեց մտնելու WBC ընտանիք: Հիմա պետք է քայլեր կատարել ավելի բարձր գոտիների ու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Տարին հաջողված եմ համարում, նաև քանի որ կարողացա պաշտպանել գոտիս՝ չնայած ինքս վարածս մենամարտից դժգոհ եմ, հետևություններ եմ արել»,- ասաց նա:

2019 թվականը նախաօլիմպիական տարի է: Բացի պրոֆեսիոնալ ռինգում նոր նվաճումներ ունենալուց՝ Ավագյանը լրջորեն մտածում է Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճելու մասին: Ռիո 2016-ից հետո հիասթափված էր մրցավարության պատճառով, սակայն հիմա կրկին մարտական է տրամադրված:

«Օլիմպիական խաղերում անավարտ թողած գործ ունեմ: Եթե պրոֆեսիոնալ բռնցքամարտով ուղեգիր ձեռք չբերեմ, միանշանակ կմասնակցեմ (խմբ. սիրողական բռնցքամարտի վարկանիշային մրցումների), իսկ ավելի հստակ այդ ամենը կքննարկեմ փրոմոութրիս, ֆեդերացիայի նախագահի ու մարզչիս հետ»,- ասաց նա:

Ավարտվող տարվա ընթացքում Ավագյանն այլեւս մենամարտեր չունի: Դեռ հստակ չէ՝ երբ կարող է տեղի ունենալ հաջորդը: Դա կարող է լինել 2019 թ. փետրվարին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ