fbpx
Կառավարություն

Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա պայմանավորված հարց է․ Մհեր Գրիգորյան

Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց), իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է:

«Այս պահին ընթանում են քննարկումներ, որոնք ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու պատճառ ես չեմ տեսնում: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո։ Այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետև երբ մենք միասին խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան երեք հիմնականը՝ հինը սահմանին, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, արագ պայմանավորվել, բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց: Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,-նշեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ ներդրումների հետ կապված՝ հնարավոր է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, իսկ եթե նման հարց առաջանա, դա բաց կքննարկվի:

«Ես կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու: Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ տպավորություն է, որ արդեն պայմանավորվածություն կա, որ գազի սակագինը բնակիչների համար բարձրանալու է ապրիլից, նա արձագանքեց, որ պայմանավորված լինելը նույնիսկ տեսականորեն անհնար է, որովհետև հայտնի է կարգը, ձևը, թե ինչպես ա փոփոխվելու սակագինը:

Հարցին, թե բյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակիչների ծախսերը, եթե գազի սակագինը բարձրանա, փոխվարչապետը չբացառեց նման հնարավորությունը:

«Երբ բոլորս հասկանանք, որ այո, հայտ է ներկայացվել, այո, կա ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ