fbpx
Հասարակություն

Ազատ Դեմոկրատները շնորհավորական ուղերձ են հղել Հանրապետության տոնի առթիվ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն ու քաջառողջություն, անկոտրում կամք ու բազում հաղթանակներ:

Առաջին Հանրապետության օրը մեր պատմության կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը: Այսօր էլ, տոնելով ու արժևորելով այս հաղթական օրը, պետք է հիշենք, որ մեր անկախությունն ու ազատությունը, պետականությունն ու հաղթանակները մեզ ոչ ոք չի նվիրել, այն հեշտ չի տրվել, մենք այն ձեռք ենք բերել ի հեճուկս ճակատագրի բոլոր մարտահրավերների եւ հարվածների:

Եվ հենց այսօ՛ր, 103 տարի անց, մեր պետությունը վերստին կանգնած է փորձությունների եւ վտանգների առջեւ, փորձ է արվում խարխլելու մեր պետականության հիմքերը, հարցականի տակ դնելու մեր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու մեր պետական շահերը: Մեզ համար անչափ ցավոտ կորուստներից թեկուզ վիրավոր ու թեւաթափ, բայց նաև դրանցից դասեր քաղելով, մեր անցյալի հաղթանակներն և այս կարևոր օրվա խորհուրդը մեր մտքում ունենալով մենք պարտավոր ենք ոտքի կանգնելու եւ առաջնորդվելու միմիայն ի շահ և բարօրություն մեր պետականության և մեր ժողովրդի:

Հաստատակամ եւ վճռական քայլերով պիտի առաջ շարժվենք մեր անվտանգության միակ երաշխավոր հայոց բանակի հզորացման, տնտեսության զարգացման, միջազգային հարթակում մեր տեղի ու դերի, ՀՀ ինքնաիշխանության բարձրացման եւ ամրապնդման գործում:
Թե՛ այսօր, թե՛ վաղը յուրաքանչյուրս պետք է մասնակից լինի պետականաշինության գործում, և միայն այս այլընտրանք չունեցող գիտակցումով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ ունենալ Անվտանգ ու Հաղթական, Առաջադեմ, Բարեկեցիկ և զարգացած տնտեսությամբ Հայաստան և Արցախ:

Թո՛ղ դարերով եկած մեր միասնությունն ու վճռականությունը, յուրաքանչյուրիս պետականամետ և ազգանվեր գործունեությունը երաշխիք լինի նորանոր հաղթանակների և ձեռքբերումների:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք մեր Ազատատենչ Ժողովրդին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ