fbpx
Իրավական

Ազատամարտիկների այգում ծեծկռտուք է եղել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա»  ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակիչը:

Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 33-ամյա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հայրը:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:

Նախաքննության ընթացքում հարցաքննության են ներկայացվել դեպքին ականատես անձինք, ովքեր ցուցմունք են տվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 16-ին Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել երկու տղամարդու  միջև:

Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝  վիճաբանության մասնակիցներից մեկը հարվածներ է հասցրել  33-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին:

Վկաներից մեկի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել  միջադեպի կոնկրետ վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները, որի ընթացքում այգու շատրվանի հարևանությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր:

Նախաքննության ընթացքում  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա տղամարդուն առերևույթ  ծանր մարմնական վնասներ պատճառած անձը Երևան քաղաքի՝ 1971 թվականին ծնված բնակիչն է:

Քննիչը 2019 թվականի փետրվարի 18-ին  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1971 թվականին ծնված տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ