Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, հետաքրքրվեց.
«Քանի որ ավտոկայանատեղին անմիջապես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տակ է, այդտեղի արտիստների համար արտոնություններ լինելո՞ւ են, ամեն տարի եղել են զեղչային համակարգեր և այլն»:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ դա կառավարչական պայմանագրով հետագայում ֆիքսվելիք դրույթ է, կարծում է՝ պետք է շարունակել նման արտոնություն տալ, քննարկել կառավարչի հետ: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին նաև աբոնեմենտային որոշակի քարտերով օգտվելու հնարավորություն է տրվում:
Իսկ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին հարցրեց․ «Հաշվի առնելով այն չափորոշիչները, որոնք դրված են մրցույթի համար, կա՞ն կազմակերպություններ, որ հնարավոր է տեղավորվեն այս պայմաններում և հաղթեն»։ Նա նաև ցանկանում էր ճշտել՝ դիտարկե՞լ են արդյոք հնարավորությունը, որ մրցույթին մասնակցություն չարձանագրվի, այդ դեպքում ի՞նչ քայլեր պիտի իրականացվեն:
Փոխքաղաքապետն արձագանքեց, որ նախագծում նշված են հավատարմագրային կառավարման հանձնելու էական պայմանները, հետագայում պահանջները մանրամասն կմշակվեն ու կներկայացվեն:
«Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագիծն ընդունվեց 40 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։