Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին ամերիկյան հրատարակության շուրջ 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:
«Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են։ Գրքերը վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս գրքերն այսօրվա հետազոտողին կօգնեն Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրի համար համապատասխան օրենսդրական լուծումներ գտնել»,- նշեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ներսես Հայրապետյանը:
Այդ բոլորը գրքերը նոր են, լույս են տեսել վերջին 3-4 տարում: Բոլորն ամերիկյան հրատարակություն են, և դրանցից Հայաստանում չի եղել:
Հայրապետյանը հավելեց, որ որոշվել է այդ գրքերը նվիրաբերել հենց Ազգային գրադարանին, քանի որ գրադարանից օգտվում են հիմնականում հումանիտար ոլորտի հետազոտողները: Նա նկատել է, որ գրադարանը միշտ լեփ-լեցուն է լինում, և անգլերեն գրքեր ընթերցողները ևս շատ են:
ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ընդգծեց, որ նման գրքերը անցումային հասարակությունների համար խիստ կարևոր են: «Մենք գրականություն ենք ձեռք բերում նաև Ամազոնից, սակայն մեր գումարները սահմանափակ են: Այդ պատճառով այս նվիրվատվությունը շատ արդյունավետ կլինի հատկապես երիտասարդների համար: Գրադարանի ընթերցողական գրքերի պատվերներում զգացվում է, որ անգլերեն գրքերի պահանջարկը գնալով բարձրանում է, իսկ ռուսերեն գրքերինը՝ նվազում»,- նշեց Զարգարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կանեն այդ գրքերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային քարտահանում: Տնօրենը վստահ է, որ նոր գրքերը պատվերների շատ մեծ քանակ կունենան: