fbpx
Իրավական

Բացահայտվել են բնակարանային գողության դեպքեր․ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից բնակարանային գողություններ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ. Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հուլիսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հրազդան քաղաքի 24-ամյա բնակիչը սեփական տների առաջին հարկերում տեղադրված եվրոպատուհանները բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում գտնվող մի քանի տուն, որտեղից հափշտակել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար և այլ իրեր: Բացի այդ, Երևանի նույն թաղամասի երկու տներից 24-ամյա երիտասարդը փորձել է կատարել հափշտակություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է վերջինիս կողմից դեռևս 2011 թվականի ձմռանը կատարված բնակարանային գողության մեկ այլ դեպք ևս, որի արդյունքում հափշտակվել է ոսկյա մատանի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հրազդանի 24-ամյա բնակչի կողմից կատարված այլ հնարավոր հանցագործության դեպքերը բացահայտելու, նրա գործողություններից տուժածներին, ինչպես նաև հափշտակված իրեղեն ապացույցները հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ