«Կասկածելի պարտություն էր»․Աղբյուրի հետ զրույցում Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների մի քանի մենամարտի մասին ասում է հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանը։
Մեր երկիրը Եկատերինբուրգում անցկացվող այս մրցաշարին ներկայացված էր 8 մարզիկով, նրանցից մեդալ նվաճեց միայն մեկը՝ Հովհաննես Բաչկովը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Բայց հենց սա կասկածելի մենամարտերից այն մեկն էր, որի համար մեր թիմի ներկայացուցիչները բողոքարկեցին ու․․․ կասկածելի մերժում ստացան։ Այս մասին ավելի մանրամասն պատմում է Ադիլխանյանն ու ամփոփում մեր մարզիկների աշխատանքը։
-Կամփոփե՞ք Աշխարհի առաջնությունում մեր հավաքականի մրցելույթները։
-Ես, համենայն դեպս, լավ կգնահատեմ մեր հավաքականի ելույթները։ Չեմ կարող ասել գերազանց, բայց լավ։ Գերազանց կլիներ, եթե կարողանայինք ոսկի նվաճել։ Բայց գրեթե բոլոր տղաներն էլ շատ ու ծանր մենամարտեր անցկացրեցին։
Մեր Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը երկու մենամարտ հաղթեց, իսկ երրորդում մի փոքր կասկածելի ձևով 3-1 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին։
56 կգ Էրիկ Պետրոսյանն առաջին իսկ մենամարտում պարտվեց կանադացի բռնցքամարտիկին։
Հովհաննես Բաչկովը, ինչպես տեսաք, երեք ծանր մենամարտ անցկացրեց։ Կիսաեզրափակչում ամերիկացի բռնցքամարտիկի հետ էր մենամարտում։ Կասկածելի մենամարտ էր։ Մենք բողոքարկեցինք այդ մենամարտը, բայց բողոքարկումը չընդունվեց, չգիտենք՝ ինչ պատճառներով, չհիմնավորվեց։
69 կգ մեզ մոտ Աստոյան Կորյունն էր, որն առաջին մենամարտը պարտվեց։
75 կգ Դարչինյան Արմանը, երևի թե, ամենադժվար մենամարտերն անցկացրեց, որովհետև եզրափակիչ մտնելու համար 6 մենամարտ էր անցկացնելու։ 3 մենամարտում հաղթեց, 4-րդում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին։
81 կգ քաշային կարգում մեր Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց առաջին մենամարտում։ Գուրգեն Հովհաննիսյանն առաջին մենամարտում հաղթեց, երկրորդում կասկածելի պարտություն կրեց ռուս բռնցքամարտիկից։ Եվ Հենրիկ Սարգսյանն առաջին մենամարտը հաղթեց ամերիկացուն, երկրորդում 3-2 հաշվով պարտվեց Անգլիայի ներկայացուցչին։
Ընդհանուր թիմի մենամարտերից շատերը հաղթանակով անցկացրեցին․ 10 հաղթանակ, 7 պարտություն։ Թիմի հետ աշխատեցինք ես ու Կարեն Ղազարյանը։ Թիմը լավ վիճակում էր, բայց մրցավարական որոշ խոչընդոտներ եղան։ Ընդհանուր առմամբ, թիմի կատարած աշխատանքից, կարելի է ասել, գոհ ենք։
-Ըստ Ձեզ՝ մեր բոլոր բռնցքամարտիկներն իրենց ուժերի առավելագույնո՞վ հանդես եկան այս մրցաշարում։
-Օրինակ, հենց Հովհաննես Բաչկովը պետք է լիներ եզրափակչում։ Ամերիկացին ոչինչ չէր անում, ընդամենը բռնում էր, մրցավարն էլ ոչինչ չէր ասում, չէր արձագանքում այդ ամենին։ Նույնիսկ եթե ամերիկացի բռնցքամարտիկի մարտավկայի խոսքերը լսենք, միայն ասում է՝ մի հատ հարված արա ու բռնի։ Դա ֆունկցիա էր, որը կատարվել էր։ Բաչկովը պիտի եզրափակչում լիներ և ինչու ոչ՝ պայքարեր ոսկու համար։
-Իսկ Ձեր կարծիքով՝ բողոքարկումն ինչո՞ւ մերժվեց։
-Գիտեք, այդ օրը մենք բողոքարկում արեցինք, նաև Ղազախստանի ծանրքաշայինը հաղթեց Էկվադորին, բայց մենամարտը չտվեցին։ Երկուսս էլ բողոքարկեցինք, 1000 ԱՄՆ դոլար վճարումը կատարեցինք, իսկ 2-3 ժամ անց մեզ հայտնեցին, որ նպատակահարմար չեն գտնում մենամարտերը վերանայել։ Չգիտեմ՝ պատճառը որն էր, բայց այդպիսի աբսուրդային պատասխան տվեցին։
-Այսինքն՝ մենամարտը նույնիսկ չե՞ն վերանայել։
-Նույնիսկ չեն էլ վերանայել։ Այդպիսի բան, երևի, երբևէ չի եղել։ Եթե կա բողոքարկում, պարտավոր են վերանայել մենամարտը։ Իսկ այս դեպքում ոչինչ չարեցին ու հենց սա խոսում է այն մասին, որ ամեն ինչ նախապես պլանավորած էր։
-Բաչկովը հոգեբանորեն ի՞նչ վիճակում է այս ամենից հետո։
-Բաչկովը կամային հատկանիշներով օժտված տղա է։ Պարզ է, սա Աշխարհի առաջնություն էր, բայց նա պայքարող բնավորություն ունի։ Կարծում եմ՝ կհաղթահարի այս ամենը և ամեն ինչ լավ կլինի։
-Մինչև տարվա վերջ որո՞նք են հավաքականի անելիքները։
-Պետք է նախապատրաստվենք նոյեմբերին կայանալիք Հանրապետության առաջնությանը։ Տարեսկզբին՝ փետրվար ամսին, Փարիզում վարկանիշային մրցաշար ունենք, այն համարվում է Եվրոպայի առաջնություն։ Մարտին էլ Անգլիայում կկայանա վարկանիշային Աշխարհի առաջնություն։ Սրանց պետք է պատրաստվենք։
Գրում է ArmSport-ը։