fbpx
Քաղաքականություն

Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ դեսպանին Հայաստանի հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։

Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացրել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ու դատական համակարգում ընթացող բարեփոխումները և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը հաստատուն քայլերով շարունակելու է իրականացնել բարեփոխումների օրակարգը։

Դեսպան Լին Թրեյսին կարևորել է արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, արձանագրվել են շոշափելի հաջողություններ այդ ուղղություններով։ Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։

ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։

Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն ընդգծել է ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ պահվող անձանց վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը հստակ արձագանքելու առումով։ Նախարարը նաև շեշտել է, որ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով ռազմագերիներ են, ուստի այս հարցում ադրբեջանական կողմի հայտարարություններն հիմնազուրկ են։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործարկման ժամկետները, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը շեշտել է, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում ժողովրդավար, ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձող են սահմանել և հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ևս այդ նշաձողը կպահպանվի։ Այս առումով Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք՝ բոլոր ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու՝ այդպիսով ամրապնդելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ ժողովրդավարությունն ունեցող երկիրն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ