Մի քանի օր առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իրականում շատ ուշագրավ հայտարարություն է արել բրիտանական երևի թե ամենահայտնի քաղաքական The Rest is Politics փոդքասթի համահիմնադիրներ Ռոյ Ստյուարտի և Ալեսթար Քամպբելի հետ զրույցի ժամանակ։
Սանդուն մասնավորապես հայտարարել է, թե տեսեք՝ ի՞նչ է կատարվում Մոլդովայի շուրջը ու ողջ աշխարհում այսօր։ «Շատ ու շատ ավելի դժվար է դառնում փոքր պետություններին ինչպիսին է Մոլդովան գոյատևել որպես դեմոկրատիա, որպես սուվերեն պետություն, և անշուշտ [միևնույն ժամանակ] դիմադրել Ռուսաստանին»։ Հետևաբար, «եթե մենք ունենանք ռեֆերենդում, ես կքվեարկեի Ռումինիաի հետ վերամիավորման [միացման] օգտին»:
Իրականում, վերամիավորումը Մոլդովայի ու իր բնակչության համար լավագույն տարբերակն է։
Ի վերջո, ի՞նչ է Մոլդովան ու ովքե՞ր են մոլդովացիները։
Ռազմավարական պրիզմայով եթե դիտարկենք՝ Մոլդովան ներքին անկայունություններով լի, արտաքինից խոցելի, ինստիտուցիոնալ առումով կոռումպացված ու կիսակայացած, գեոպոլիտիկ տեսանկյունից դիսֆունկցիոնալ, սահմանափակ արտաքին մանևրայնությամբ, ազգային ուժ կուտակել չկարողացող, իր իսկ անմիջական միջավայրում ազդեցություն պրոյեկտելու անընդունակ միկրոպետություն է։ Ըստ էության, ստալինյան Խորհրդային Միության կողմից 1940-ին, իսկ հետո կրկին 1945-ին Ռումինիայից օկուպացված, արհեստական ադմինիստրատիվ-քաղաքական սոցիալիստական կազմավորում ու սինտետիկ ինքնության վրա ձևավորած կազմավորում է։ Փաստացի՝ կայսրության քաղաքական քմահաճույքներից բխած մեկ ժողովրդի բաժանում ու միակողմանի սահմանագծում՝ առանց հաշվի առնելու տեղի բնակչության ցանկությունն ու կարծիքը։
Այսպիսով, Մոլդավայի միացումը Ռումինիային, այսինքն մեկ բաժանված ժողովրդի ազգային վերամիավորումը, Խորհրդային կայսրության անօրինականությունների շտկման օրինակներից մեկը կարող է լինել։ Համադրելի դասական նախադեպն է նույն արհեստածին ու միևնույն ժողովրդին արհեստականորեն բաժանած Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության լիկվիդացիան ու վերամիավորումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ։
Ի դեպ, 1990-92 թվականների Մերձդնեստրյան հակամարտության հիմնական աշխարհաքաղաքական պատճառը հենց ոչ թե Մոլդավայի անկախացումն էր ԽՍՀՄ-ից այլ վերամիավորման գերակա տենդենցն էր Ռումինիայի հետ։
Ներկայումս, ինչքանով որ ես հասկանում եմ, սովետական ու նաև ռուսական քարզչության կողմից սինթետիկ սոցիո-քաղաքական առանձին «մոլդովական ինքնության» կոնստրուկտը հանրային մտածելակերպի մեջ խորը արմատներ է գցել։ Վերամիավորմանը ոչ միայն ավանդապես դեմ էր ու է Ռուսաստանը, այլ նաև ԵՄ-ն նույնպես ի սկզբանե վտանգներ է տեսել միավորված Գերմանիայի նախադեպի կիրառման մեջ, եթե հաշվի չառնենք Մոլդովայի ներսում 2000-ականներից ձևավորված որոշ քաղաքական ուժերի արհեստական անկախական մերկանտիլիզմը (չնայած որ ոմանք, ինչպես հետո պարզվել է, լավ էլ ռումինական անձնագրեր են ունեցել)։
Պրոֆեսիոնալ ինտուիցիան հուշում է, որ այստեղ ամենակարևոր փոփոխականներից է Բուխարեստը, այսինքն որքանո՞վ է հենց Ռումինիան կարողացել՝ իր տնտեսական, քաղաքական ու ազդեցություն պրոյեկտելու ներուժով, հաջողել կառուցել կայուն ու ռազմավարահեն պետություն իր “ձգողական ուժով” Մոլդովայի համար։
Իրականում, բաժանված ազգերի վերամիավորման պարադիգմատիկ հիմնախնդիրը միջազգային հարաբերություններում և ներկա հակամարտային ու տուրբուլենտ աշխարհաքաղաքական գործընթացների իրողությունն այն պրակտիկ քաղաքական դինամիկա դառնալու հստակ միտումներ ունի։ Մեր հյուսիսային հարևանները պայքարել են «հայկական միացման» նախագծի դեմ ու ի վերջո հաղթել այն (այդ թվում նաև, եթե ոչ մեծամասամբ, հայկական կողմի թույլ տված սխալների ու անհեռատեսության պատճառով), բայց հենց իրենք էլ արդեն մի քանի տարի է շատ մեծ հետաքրքրությամբ փորձում են հենց իրենց հավակնություններին ադապտացնել «բաժանված ժողովրդի վերամիավորման» օրակարգը։ Դրա մասին առնվազն երկու անգամ արդեն իսկ ակնարկվել է Իլհամ Ալիևի կողմից վերջին երկու տարվա ընթացքում։ Դե իսկ Պուտինի և Էրդողանի հանրային մակարդակով արված հայտարարություններն ու գանգատը անարդար սահմանների մասին բազմիցս է խոսվել ու խոսվում։

