Հուլիսի 1-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes W124» (վարորդ՝ Ա.Ի., ծնված 1981 թ.), «Opel Astra J» (վարորդ` Գ.Կ., ծնված 1984 թ.) և «BMW 325» (վարորդ՝ Ա.Ո., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes W124» և «Opel Astra J» մակնիշների ավտոմեքենաներից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Ա.Ի.-ն, Գ.Կ.-ն և Ա.Ո.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել արգելափակումից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։