Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից:
Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։
«Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, որն առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, անհապաղ քայլեր ձեռնարկել, միջազգային հանրույթի պահանջներին համապատասխան, Ադրբեջանի օկուպացված տարածքներից ՀՀ զինուժի դուրսբերման ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովման նպատակներով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
Նշենք, որ ապրիլի 11-ին, Ստրասբուրգում համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն առաջարկում է, որ Բաքուն հրաժարվի «սպառնալիքների լեզվից», և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ կոչին։