fbpx
Աշխարհ

Բաքուն սադրիչ և հակաադրբեջանական է համարում Զախարովայի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Խոսքն այն հայտարարության մասին է, ըստ որի՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի՝ ազգությամբ հայ 16 քաղաքացու մուտքն Ադրբեջանը արգելվել է Բաքվի կողմից։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նախ՝ բարձրագոչել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, դրանք համեմատել է Հայաստանի հետ ՌԴ հարաբերությունների հետ, շողոքորթել է Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների առկայությամբ, ապա սլաքներն ուղղել է կոնկրետ Զախարովայի դեմ՝ պնդելով, թե ՌԴ ԱԳՆ-ում որոշ մարդկանց դուր չեն գալիս ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Զախարովան նաև հայտնել էր, որ մտահոգիչ այս պատկերի վերաբերյալ իրենք խոսել են ադրբեջանական կողմի հետ, ու Բաքուն խոստացել է շտկել իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը սա հերքում է։

«Մենք վճռականորեն հերքում ենք դա», – հայտարարել է Բաքվի խոսնակն ու նշել, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորվում են նախագահների մակարդակով՝ ակնարկելով, որ ԱԳ նախարարություններն այստեղ անելիք չունեն։

Այս հայտարարությամբ Բաքուն, փաստորեն, բացահայտ հայտարարում է, որ չի պատրաստվում վերջ դնել հայերի նկատմամբ խտրականությանը և շարունակելու է արգելել հայազգի քաղաքացիների մուտքը Ադրբեջան։

Չնայած դրան՝ Բաքվի խոսնակը նաև համատեքստից կտրված հայտարարություններ է անում, թե «նույնիսկ ՀՀ քաղաքացիներն» են այցելում Ադրբեջան միջազգային միջոցառումներին մասնակցելու համար։ Խոսքը, սակայն, համատեքստի մեջ դնելու դեպքում կարելի է հիշեցնել, որ հայերն ավելի շատ խուսափում են Բաքու մեկնելուց նույնիսկ միջազգային սպորտային միջոցառումների դեպքում․ վառ օրինակ են Հենրիխ Մխիթարյանն ու Լևոն Արոնյանը։

Հաղորդում է shantnews.am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ