Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
«Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր Շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգումը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։
Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։
- Ադրբեջանն օկուպացրել է Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
- Բացառում ենք ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։
Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։
Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»,- ասվում է հաղորդագրության մեջ