Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները:
Նրա խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ որպես «խաղաղասեր»»:
Հաջիևը նաև հիշեցրել է 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը:
«Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում է միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է նա: