Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին:
Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ:
Սևանում նախարարը խոսեց Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ» -ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարեւորագույն խնդիրների մասին:
Այնուհետև նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սևան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում:
Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակիցների ուժերով:
Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի:
Ծառատունկի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը զրուցեց «Սևան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ:
Նախարարը խոսեց նաև ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու այլ խնդիրների մասին: «Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաև տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը:
Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, և կավարտվի այս տարվա ընթացքում:
Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաև Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սևան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:
Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր ևս հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ: