Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Տեղեկացնում եմ, որ կյանքում ՀՀ զինված ուժերի կողմից, անգամ ավագ զինվորի (եֆրեյտորի) կոչում չունեցած, բայց սույն նկարում՝ գնդապետի համազգեստով նկարված (ամենայն հավանականությամբ՝ ֆոտոշոփ) Աշոտ Իսախանյան անունով այս խարդախ ինքնակոչը ներկա պահին քրեակատարողական հիմնարկում իր պատիժն է կրում։
Հայտնի է բազմաթիվ խարդախություններով, իրեն ներկայացնելով Արցախյան պատերազմի ազատամարտիկ կամ զոհված այս կամ այն հայտնի ազատամարտիկի եղբայր՝ ՀՀ-ում և սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող անձանցից խաբեությամբ դրամաշորթություններով է զբաղվել, իրեն որպես պատերազմի հաշմանդամ կամ սոցիալական խնդիրների մեջ թաղված, տուժված ներկայացնելով։ Արդեն բազմաթիվ մարդիկ ճանաչում են սրան՝ իր լացակումաց դերասանական կերպարի զոհը դառնալուց հետո։
Հիմա էլ բանտից գրառումներ է անում ու հարցազրույցներ տալիս այս կամ այն անձի դեմ, իբրև նրանց երբեմնի զինակից ընկեր, դրանով փորձելով հանրության ուշադրությունն իր վրա սևեռել ու հերոսանալ։ Ցավոք, որոշ լրատվամիջոցներ, հասկանալով թե չհասկանալով՝ տեղ են տալիս սրան ու ներկայացնում որպես ազատամարտիկ։
Հասկանում եմ, խառը, արժեքները թարս ընկալելու, թացը չորի հետ խառնելու, անձնազոհ հերոսներին դավաճան, դասալիքին ու բանակից խուսափածներին՝ հերոս ներկայացնելու ժամանակներ են, բայց խնդրում եմ, մի վարկաբեկեք իրական հայրենապահներին, զինվորականներին, հայոց սպաների պատիվը, իսկ նման փթիր «Բենդեռներին»՝ մի հերոսացրեք։ Սա Արցախյան ազատամարտի տարիներին շրջել է այս կամ այն զորամիավորման կազմերում, բայց երբեք մարտական ծառայություն չի տարել ու հիմա շահարկելով՝ զբաղվում է դրամաշորթությամբ։
Վստահ եմ, որ կգա ժամանակը և ամեն ինչ իր տեղը կընկնի։
Մի խոսքով՝ աշխատեք չխաբվել։
Հ.Գ. Ովքեր ծանոթ են ու տեղյակ են սրա «քաջագործություններից»՝ կարող են մեկնաբանությունների դաշտում արձագանքել կամ գրառել»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10221280516430492&set=a.10202257060695988&type=3