fbpx
Աշխարհ

Բելառուսի օդանավակայանում պայթյունի հետեւանքով ռուսական ինքնաթիռ է վնասվել

Բելառուսական «Մաչուլիշչի» տազմական օդանավակայանում, որը գտնվում է Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա, կիրակի՝ փերվարի 26-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին Telegram-ալիքում տեղեկացրել է BYPOL ընդդիմադիր շարժումը, որն ստեղծել են ուժային կառույցների նախկին աշխատակիցները։

Սկզբում ակտիվիստները գրում էին, որ առնվազն երկու պայթյունի հետեւանքով վնասվել են ռուսական ռազմատրանսպորտային մի ինքնաթիռ եւ ձնահավաք տեխնիկան։ Տեղեկացվել է, որ օդանավակայանի շրջանում տեղի բնակիչները նկատել են բազմաթիվ զինվորականներ եւ պետավտոտեսչության անձնակազմեր, որոնք ստուգում են անցնող բոլոր ավտոմեքենաները։ Պայթյունների պատճառն այդ ժամանակ դեռ պարզ չէր։

Ավելի ուշ BYPOL-ը տեղեկացրել է, որ ռազմական օդանավակայանում կատարվել է դիվերսիա, որի հետեւանքով լրջորեն վնասվել է հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման А-50 ռուսական ռազմական մի ինքնաթիռ. վնասվել են ինքնաթիռի առաջնամասն ու կենտրոնական հատվածը, ինչպես նաեւ ավիոնիկան եւ ռադիոլոկացիոն անտենան։

BYPOL-ի ղեկավար Ալեքսանդր Ազարովը «Наша Ніва» պարբերականին ասել է, որ «Մաչուլիշչե» ռազմական օդանավակայանում կատարված դիվերսիային մասնակից են բելառուս պարտիզանները։ «Белсат»-ին տված մեկնաբանությունում Ազարովն ասել է, որ դիվերսիան իրականացվել է դրոնների օգնությամբ, եւ որ գործողության բոլոր մասնակիցներն արդեն գտնվում են Բելառուսից դուրս։

Օդանավակայանում պայթյունների մասին տեղեկությունը հաստատել են լրագրող Անտոն Մոտոլկոն եւ «Беларусь за МКАДом» Telegram-ալիքը։ Ռուս ռազմական թղթակիցներ Յուրի Կոտենոկը եւ Սեմյոն Պեգովը նույնպես գրել են, որ օդանավակայանը, հավանաբար, ենթարկվել է անօդաչուների գրոհի։

Բելառուսի եւ ՌԴ-ի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել պայթյունները։ «Зеркало»-ի լրագրողները կապ են հաստատել Բելառուսի ԱԻՆ-ի եւ պաշտպանության նախարարության հետ։ ԱԻՆ-ը պարբերականին տեղեկացրել է, որ պայթյունների մասին տեղեկություն չի ստացել, իսկ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»։

Ինչպես գրում է «Беларускі Гаюн» մոնիթորինգային խումբը, տուժել է ՌԴ Օդատիեզերական ուժերի RF-50608 գրանցահամարով А-50У ինքնաթիռը, որը Բելառուս է թռել 2023թ. հունվարի 3-ին։ 54 օրում ինքնաթիռը 12 թռիչք է կատարել։ Նրա նախորդ թռիչքը Բելառուսի տարածքում գրանցվել է 2023թ. փետրվարի 24-ին։

Խմբի տվյալներով՝ ՌԴ ՕՏՈւ-ն ընդամենը 9 նման ինքնաթիռ ունի, որոնից 6-ը՝ կատարելագործված։ Ինքնաթիռի արժեքը 330 մլն դոլար է։

«Украинская правда» օնլայն-պարբերականը, սակայն, հիշեցրել է, որ «Մաչուլիշչի» օդանավակայանից սովորաբար թռչում են հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ կրող ինքնաթիռներ, ինչի պատճառով Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ