Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը:
Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը, հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը:
Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է զսպել արցունքները՝ հայտարարելով, որ Նոր Հարավային Ուելսն այն նահանգն է, որտեղ «երկար ազգանուն ունեցող կին գործիչը կարող է ընտրվել վարչապետի պաշտոնում»:
«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:
Ընդդիմության առաջնորդ, Աշխատավորական կուսակցության ղեկավար Մայքլ Դելին թեպետ նշել է, որ ընտրությունների հայտարարված արդյունքները դեռևս վերջնական չեն, արդյուհաներձ զանգահարել և շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ևս արդեն շնորհավորել է ավստրալահայ գործչին և նրա թիմին ընտրությունների արդյունքում գրանցած «յուրահատուկ, կարգապահ և խիզախ հաղթանակի կապակցությամբ»:
Դեռևս հստակ չէ՝ արդյոք Բերեջիկլյանի կուսակցությունը մեծամասնական կառավարություն կկազմի, թե ոչ:
Նշենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թվականից զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին: